Հակաբակտերիալ ծածկույթով իմպլանտներն ինքնուրույն կսերտաճեն ոսկորին

29.12.2016

University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, ինչը կօգնի ինֆեկցիաների (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել) դեմ տարվող պայքարին եւ դրանով իսկ իմպլանտների շուրջ ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը: Ներկայումս նրանք ստեղծել են երեք նոր ծածկույթ, որոնցից մեկը արտոնագիր ստանալու փուլում է:

Գիտական խմբի ղեկավար Բեաթրիս Փալլան ասել է, որ 10 տոկոս դեպքերում ստիպված են լինում ատամի պրոթեզները հեռացնել ինֆեկցիաների կամ օստեոինտեգրման պրոցեսում խանգարումների պատճառով: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր նոր ծածկույթ մշակել, որը կնպաստեր ծնոտին իմպլանտի սերտաճմանը, նաեւ օժտված կլիներ հակաբակտերիալ հատկություններով՝ հաշվի առնելով, որ բակտերիաները ծածկույթների նկատմամբ աստիճանաբար կայունություն են ձեռք բերում:

Նախկինում գիտնականներն արդեն այդպիսի ծածկույթներ ստեղծել են, որոնք օգնել են իմպլանտի կողքի ոսկրերին աճել եւ պրոթեզն ամրացնել, հաջորդ քայլով դրանք պետք է անհրաժեշտ հատկություններով օժտեին, որոնց շնորհիվ կկարողանային պայքարել ինֆեկցիաների դեմ:

Խնդիրը լուծելու համար գիտնականներն օգտագործել են զոլ-գել սինթեզի մեթոդը, որի դեպքում նախ կոլոիդային հեղուկ է առաջանում, որի մեջ առկա են հիդրօքսիդների (զոլ) մասնիկներ, հետո այդ լուծույթը գելի են վերածում: Այս գործընթացում պրեկուրսորը կրեմնիումն է, որը հայտնի է իր օստեոինդուկցիոնությամբ (իր շուրջը ոսկրի աճ առաջացնելու հատկություն): Վերջին փուլում մասնագետները գելին տարբեր հակաբակտերիալ ագենտներ են ավելացրել՝ արդյունքում ստանալով երեք տարբեր ծածկույթ: Դրանցից մեկը ինֆեկցիաների կանխարգելման համար է, այսինքն՝ այնպիսի նյութից է ստեղծվել, որը տարրալուծվում է երկար ժամանակի ընթացքում՝ հակաբակտերիալ նյութն աստիճանաբար ազատելով: Մեկ այլ ծածկույթ, արդեն առաջացած ինֆեկցիայի բուժման նպատակով, ստեղծվել է արագ քայքայվող նյութից: Վերջին ծածկույթը, որի համար գիտնականները հիմա արտոնագիր են ստանալու, նախատեսված է ատամնաբուժական կլինիկայում կիրառելու համար՝ դրանով ծածկում են իմպլանտի մի մասը, որտեղ ինֆեկցիա է նկատվել, սակայն այդ դեպքում իմպլանտը հանելու անհրաժեշտություն չկա:

Նոր իմպլանտները դեռեւս պատրաստ չեն կլինիկական պրակտիկայում օգտագործելուն, նույնիսկ դրանց կլինիկական փորձարկումները չեն սկսվել, եւ դժվար է ասել, թե շուկայում երբ կհայտնվեն:

Բոլոր Նորությունները







© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: