Ստոմատոլոգիական ծառայությունը պոտենցիալ ունի միջազգային շուկայում մրցունակ դառնալու

27.10.2017

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում,  առողջապահության նախարարությունն իր հարկի տակ էր հավաքել ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին, ոլորտի պատասխանատուներին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ծառայությունը Հայաստանում ամուր հիմքերի վրա է` հարուստ ավանդույթներով, և երկիրը մեծ պոտենցիալ ունի միջազգային շուկայում մրցունակ դառնալու: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով:

Հաշվի առնելով բժշկական տուրիզմի զարգացման միջազգային փորձը և ստոմատոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումները` ՀՀ առողջապահության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կողմից մշակվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ստոմատոլոգիական կազմակերպությունների վերաբերյալ միջազգային հարթակներում տեղեկատվության տարածմանը:  

Բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ Անի  Ռուբենյանը մանրամասն ներկայացրեց տեղեկատվական առցանց հարթակում կազմակերպությունների ընդգրկվելու նպատակը, առավելություններն ու հիմնական պայմանները, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմները:

Ոլորտի մասնագետները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները, ներկայացրեցին իրենց առաջարկները` հատկապես կարևորելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները ներառել նախագծի վերջնական տարբերակում:

Բոլոր Նորությունները







© 2018 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: