Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց

14.03.2018
Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։ Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։
 
Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլ գործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, միշտ նույն ժամերին։ 
 
Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։
 
Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։
 
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։ Եթե մարզումների ընթացքում դուք զգում եք ցավեր սրտի շրջանում, ուսերում, կոկորդում կամ ունեք շնչառական դժվարություններ, հևոց, գլխապտույտ, անմիջապես դադարեցրեք մարզումները և դիմեք բժշկի։ Հնարավոր է, որ ձեզ ցուցված է միայն բուժական մարմնամարզություն:
 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին